ՉԱՐԻ ԹՈՒԱՑԵԱԼ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ
Սաղմոս Ասափի
1․ Որքա՜ն բարի է Աստուածն Իսրայէլի սրտով շիտակների համար:
2․ Բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանուէին, մի փոքր եւս՝ եւ քայլերս պիտի մոլորուէին:
3․ [Քանզի] նախանձեցի ես անօրէններին՝ մեղաւորների խաղաղութիւնը տեսնելով:
4․ [Որովհետև] նրանք մահուան տագնապ չունեն: [Երկարատև չեն] տանջանքները նրանց:
5․ Մարդկանց տքնութիւնները չեն կրում նրանք, եւ մարդկանց պէս չեն տանջւում:
6․ Դրա համար ամբարտաւանութիւնը պատեց նրանց, եւ նրանք համակուեցին իրենց անհաշտութեամբ ու անիրաւութեամբ:
7․ Նրանց անիրաւութիւնները կարծես ճարպից, են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժւում:
8․ Չարամտօրէն մտածեցին ու խօսեցին եւ մեծամտութեամբ [անիրաւութիւն] խորհեցին:
9․ Բերաններն իրենց ուղղեցին երկնքին, եւ լեզուները երկրով մէկ քարշ տուին:
10․ Դրա համար [մի գուցե] ժողովուրդն իմ վերադառնայ այստեղ, եւ [իր] օրերը [թվացյալ] լեցուն պիտի անցնեն նրանց հետ
11․ Ասացին՝ «Աստուած ինչպէ՞ս կիմանա», կամ՝ «Կա՞յ արդեօք գիտութիւն Բարձրեալի մօտ»:
12․ Ահա մեղաւոր են, եւ սակայն բարգաւաճում են նրանք, կան եւ ունեն հարստութիւնն աշխարհի:
13․ Ասացի՝ «Իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ, եւ ձեռքերս սրբութեամբ լուացի,
14․ Գիշեր-ցերեկ ես խոշտանգուած էի, եւ առաւօտները կշտամբանք կրեցի»։
15․ Թէպէտ եւ ասում էի, թէ՝ եթէ այսպէս պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին, որոնց [հետ] ուխտ արեցի։
16․ Բայց հասկացայ, որ սա եւս դժուար է ինձ համար,
17․ մինչեւ որ [մտա] Աստծու սրբարանը եւ [իմացա] նրանց վախճանը:
18․ [Եվ ահա] Դու նրանց տարագիր կ՚անես իրենց նենգութեան համար եւ կը կործանես նրանց իրենց ամբարտաւանութեան մէջ:
19․ Իսկ նրանք յանկարծակի աւերակ դարձան, կործանուեցին, սպառուեցին ու անհետացան իրենց անօրէնութեան համար,
20․ եւ եղան ինչպէս քնից արթնացող մարդու երազ։ Տէ՛ր, Դու, արթնանալով, պիտի անարգես նրանց երազի պատկերը.
21․ քանզի [երբ] հուր բորբոքուեց իմ սրտում, եւ երիկամներս գունափոխուեցին,
22․ [ապա] ես արհամարհուած եղայ ու չիմացայ այդ, քո առջեւ անասուն համարուեցի։
23․ Բայց ես միշտ Քեզ հետ եմ. Դու բռնեցիր իմ աջ ձեռքից,
24․ քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր եւ փառքով ընդունեցիր ինձ:
25․ Արդարեւ, ինձ համար ի՞նչ կայ երկնքում, կամ Քեզնից բացի ի՞նչ փնտռեմ երկրի վրայ:
26․ Սիրտս ու մարմինս մաշուեցին, իմ սրտի՛ Աստուած, յաւիտեան ինձ բաժի՛ն ընկած Աստուած:
27․ Ահաւասիկ իրենց անձը Քեզնից հեռացնողները պիտի կորչեն, Դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դէմ:
28․ Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, յոյսս դնել Տիրոջ վրայ եւ աւետել Քո ամբողջ օրհնութիւնը Սիոնի դստեր դռների առաջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: