ԱՍՏՈՒԱԾ ՍԷՐ Է
Սաղմոս Դաւթի
1․ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա:
2․ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա,
3․ ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր:
4․ Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ,
5․ որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս:
6․ Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին:
7․ Տէրն իր ուղիները ցոյց տուեց Մովսէսին, եւ իր կամքը՝ Իսրայէլի որդիներին:
8․ Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ:
9․ Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում:
10․ Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ:
11․ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ:
12․ Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրէնութիւնները մեզնից:
13․ Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին:
14․ Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք:
15․ Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ:
16․ Երբ փչի քամին, նա կ՚անհետանայ, եւ նրա տեղն իսկ չի երեւայ:
17․ Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է,
եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ,
18․ որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք:
19․ Տէրը երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագաւորութիւնը տիրում է բոլորին:
20․ Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների:
21․ Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր:
22․ Օրհնեցէ՛ք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, ամենուրեք է տէրութիւնը նրա: Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: