ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ, ՏԻՐՈՋ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ
Ալէլուիա
1․ Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը:
2․ Ո՞վ պիտի պատմի զօրութիւնը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնութիւնը:
3․ Երանի նրանց, ովքեր իրաւունքն են պահում եւ ամէն ժամ արդարութիւն գործում:
4․ Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ:
5․ Տեսնենք բարութիւնը քո ընտրեալների, ուրախանանք քո ազգի ուրախութեամբ, ու պարծենանք քո ժառանգութեամբ:
6․ Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրէնութիւն եւ յանցանք գործեցինք:
7․ Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործութիւնները, չյիշեցին քո ողորմութեան առատութիւնը, քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս:
8․ Նա փրկեց նրանց իր անուան համար, որ ճանաչեն իր զօրութիւնը:
9․ Սաստեց Կարմիր ծովին՝ եւ այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպէս անապատով:
10․ Նրանց ազատեց իրենց ատողներից եւ նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից:
11․ Ծովը ծածկեց նրանց հալածողներին, եւ սրանցից ոչ ոք չփրկուեց:
12․ Հաւատացին նրա խօսքերին եւ օրհներգեցին նրան:
13․ Բայց շուտով մոռացան գործերը նրա, եւ չանսացին նրա խորհուրդներին:
14․ Անապատում ցանկութեամբ վառուեցին, ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում:
15․ Իրենց խնդրածը նա տուեց նրանց, եւ լիութիւն ուղարկեց նրանց:
16․ Բանակատեղիում բարկացրին Մովսէսին եւ Տիրոջ սրբին՝ Ահարոնին:
17․ Գետինը բացուեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի:
18․ Հուր բորբոքուեց նրանց հաւաքավայրերում, եւ բոցը լափեց մեղաւորներին:
19․ Քորեբում մի հորթ շինեցին, եւ երկրպագեցին արձանին:
20․ Իրենց Փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով:
21․ Մոռացան իրենց կեանք տուած Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում,
22․ սքանչելագործութիւններ՝ Քամի երկրում, եւ ահաւոր բաներ՝ Կարմիր ծովի վրայ:
23․ Ասաց, թէ պիտի ոչնչացնի նրանց, եթէ նրա ընտրեալ Մովսէսն առջեւը կանգնած չլինէր: Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկութիւնը նրա, որ նրանք չկոտորուեն:
24․ Անարգեցին երկիրը ցանկալի, ու չհաւատացին Տիրոջ խօսքին:
25․ Տրտնջացին իրենց բանակատեղիում, ու չլսեցին ձայնը Տիրոջ:
26․ Տէրն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրայ, որ նրանց հարուածի անապատում,
27․ որ նրանց սերունդը ցրուի հեթանոսների մէջ, նրանց սերունդը ցրուի գաւառներում:
28․ Նրանք Բելփեգորին 544 յարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի:
29․ Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, եւ նրանց վրայ կոտորած իջաւ:
30․ Ապա Փենէէսն եկաւ մէջտեղ, քաւութիւն տուեց, ու մահը վերջ գտաւ:
31․ Նա արդարացի համարուեց սերնդից սերունդ՝ մինչեւ յաւիտենութիւն:
32․ Նրան բարկացրին Հակառակութեան ջրերի մօտ, եւ Մովսէսը տանջուեց նրանց պատճառով,
33․ քանզի դառնացրել էին նրա հոգին: Նա հրամայեց իր շրթունքներով,
34․ եւ չկոտորուեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տէրը:
35․ Խառնուեցին հեթանոսների մէջ, ու սովորեցին գործերը նրանց:
36․ Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղութիւնը դարձան:
37․ Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դեւերին,
38․ եւ անմեղ արիւն թափեցին՝ արիւնն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին:
39․ Երկիրը շաղախուեց նրանց արեամբ, ու պղծուեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով:
40․ Սրտնեղած բարկացաւ Տէրն իր ժողովրդի վրայ, եւ խիստ զզուեց իր ժառանգութիւնից:
41․ Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, եւ իրենց ատողները տիրեցին նրանց:
42․ Իրենց թշնամիները նեղեցին նրանց, եւ նրանք խեղճացան նրանց ձեռքի տակ:
43․ Տէրը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով,
եւ ընկղմուեցին իրենց անօրէնութեան մէջ:
44․ Տէրը նայեց նրանց նեղութեանը՝ լսելով ձայնը նրանց աղօթքի:
45․ Յիշեց ուխտն իր, եւ իր առատ ողորմածութեամբ զղջաց:
46․ Նրանց գթութեան արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց:
47․ Փրկի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, եւ հաւաքի՛ր մեզ հեթանոսների միջից: Մենք գոհութիւն պիտի մատուցենք քո սուրբ անուանը եւ պիտի պարծենանք քո օրհնութիւններով:
48․ Օրհնեալ է Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ողջ ժողովուրդը թող ասի՝ «Թող լինի, թող լինի»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: