Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 27

ԱՂՕԹՔ Ի ՏԵՍ ՎԵՐԱՀԱՍ ՄԱՀՈՒԱՆ
   

Սաղմոս Դաւթի

1․ Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կը նմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում:
2․ Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ:
3․ Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրէնութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ:
4․ Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց:
5․ Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին: Դու կը կործանես նրանց, եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի:
6․ Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի:
7․ Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան:
8․ Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան:
9․ Փրկի՛ր քո ժողովրդին, եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց: