ԱՂՕԹՔ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՄԷՋ
1․ Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը
2․ Յոյսս դրի քեզ վրայ, Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ. քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ:
3․ Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու: Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու:
4․ Քո անուան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ:
5․ Ինձ կը հանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ:
6․ Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր, եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին: Տէ՛ր Աստուած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ:
7․ Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար:
8․ Ես յոյսս դրի Տիրոջ վրայ, պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տուած փրկութեամբ: Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից:
9․ Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը եւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր:
10․ Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշուած եմ ես. սրտնեղութիւնից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը:
11․ Կեանքս սպառուեց վիշտ ու ցաւերով, եւ տարիներս՝ հոգոց հանելով: Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ, եւ ոսկորներս մաշուեցին:
12․ Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիների՛ս համար նախատինք եղայ եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ: Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից:
13․ Սրտերից մոռացուեցի ես ինչպէս մեռեալ եւ նմանուեցի անպէտք անօթի,
14․ քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին: Հաւաքուած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին:
15․ Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրի քե՛զ վրայ՝ ասելով. «Դո՛ւ ես Աստուածն իմ,
16․ եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը: Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից:
17․ Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ»:
18․ Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի. թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն:
19․ Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները, որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին:
20․ Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր, որ պահեցիր երկիւղածներիդ համար: Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ մարդկանց որդիների առջեւ:
21․ Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով, լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում:
22․ Օրհնեալ է Տէրը, քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում:
23․ Շփոթութեան մէջ ես ասացի, թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից: Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի, երբ աղաղակեցի քեզ:
24․ Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտռում եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտաւանանում:
25․ Քաջալերուեցէ՛ք ամէնքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: