Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 38

ՄԱՐԴՈՒ ՈՉՆՉՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԾՈՒ ԱՌԱՋ
   

1․ Այսուհետեւ՝ օրհնութիւն Իդիթոմին
2․ Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզուովս չմեղանչեմ»:
Բերանիս պահպանակ դրի, երբ մեղաւորը հակառակուեց ինձ:
3․ Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ, բարիքս լռութեան մատնեցի, եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ:
4․ Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց:
5․ Խօսեցի լեզուովս եւ ասացի. «Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ ե՞րբ է իմ վախճանը, եւ որքան է կեանքիս օրերի թիւը, որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել»:
6․ Ահա սահման դրիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի:
7․ Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում,
գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար:
8․ Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ դու, Տէ՛ր, կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ:
9․ Բոլոր յանցանքներիցս փրկեցիր եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ:
10․ Ես խուլ եղայ եւ չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում:
11․ Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները, որովհետեւ քո ձեռքի զօրութիւնից հիւծուեցի ես:
12․ Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պէս մաշեցիր նրան, բայց սուտ է ամէն մարդ:
Հանգիստ
13․ Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս եւ արտասուքս լռութեան մի՛ մատնիր: Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպէս իմ բոլոր նախնիները:
14․ Թո՛յլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչեւ իմ [գնալը, քանի որ էլ չեմ լինի]։