Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 45

ԱՍՏՈՒԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է
   
1․ Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին
2․ Աստուած ապաւէնն ու զօրութիւնն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ:
3․ Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցուի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն:
4․ Դղրդացին ու ալեկոծուեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկութիւնից:
5․ Գետերի յորձանքները զուարճացնում են Աստծու քաղաքը. եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը:
6․ Աստուած դրա մէջ է, եւ այն չի սասանուի. Աստուած կ՚օգնի դրան վաղորդայնից վաղորդայն:
7․ Հեթանոսները խռովուեցին, ու թագաւորութիւնները հնազանդ եղան. Բարձրեալը ձայն տուեց, եւ երկիրը երերաց:
8․ Մեզ հետ է Զօրութիւնների տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր:
9․ Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ:
10․ Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը, աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի:
11․ Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես [եմ Աստուած]. ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացուեմ երկրի երեսին:
12․ Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր: