հԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆԸ
1․ Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը
2․ Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում,
3․ երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ, ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ:
4․ Բերանս իմաստութիւն պիտի խօսի, եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն:
5․ Առակներին պիտի ականջ դնեմ եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից:
6․ Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին, երբ կեանքիս անօրէնութիւններն ինձ պաշարեցին:
7․ Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները պարծենում են իրենց մեծ հարստութեամբ:
8․ Եղբայրն իր եղբօրը չի փրկի, ոչ էլ մարդը կը փրկի նրան. նա փրկանք չի տայ Աստծուն,
9․ ոչ էլ իր հոգու փրկանքը:
10․ Յաւիտեա՛ն ջանք թափի՛ր, եւ դու կ՚ապրես անվերջ ու ապականութիւն չես տեսնի:
11․ Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կը կորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝
իրենց հարստութիւնը թողնելով օտարներին:
12․ Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կը լինի, եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը.
նրանց հողերը կը կոչուեն իրենց անունով:
13․ Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց:
14․ Այս է ճանապարհը նրանց գայթակղութեան, որին յետոյ իրենց բերանով հաւանութիւն պիտի տան:
14․ Ոչխարների պէս դժոխքի պիտի մատնուեն, ու մահը պիտի հովուի նրանց, եւ առաւօտեան արդարները պիտի նրանց տիրեն: Նրանց օգնութիւնը կը սպառուի դժոխքում, եւ նրանք իրենց փառքը կը կորցնեն:
16․ Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստուած կը փրկի իմ հոգին:
17․ Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան,
18․ քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղուի:
19․ Նրա անձը կ՚օրհնուի իր կենդանութեան ժամանակ, եւ քեզ շնորհակալ կը լինի, երբ բարիք գործես նրան:
20․ Նա կը միանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի:
21․ Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: