ԱՍՏՈՒԱԾ ՅԱՅՏՆՒՈՒՄ Է ԻՐ ԴԱՏԱՍՏԱՆԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սաղմոս Ասափի
1․ Աստուածների Աստուած Տէրը խօսեց, ձայն տուեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք:
2․ Սիոնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը:
3․ Մեր Աստուածը պիտի գայ յայտնապէս, եւ մեր Աստուածը պիտի չլռի, նրա առջեւ հուր պիտի բորբոքուի, եւ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ:
4․ Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար:
5․ Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին:
6․ Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը, քանզի Աստուած դատաւոր է:
Հանգիստ:
7․ Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կ՚ասեմ, եւ Իսրայէ՛լ՝ քեզ կը վկայեմ, որ Աստուածը, ք՛ո Աստուածը ես եմ:
8․ Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են:
9․ Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հօտից՝ նոխազներ:
10․ Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երէները եւ բոլոր անասունները:
11․ Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է:
12․ Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ:
13․ Ես չեմ ուտում քո հորթերի միսը, եւ քո նոխազների արիւնը չեմ խմում:
14․ Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր:
15․ Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ:
Հանգիստ։
16․ Սակայն մեղաւորին Աստուած ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը:
17․ Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը:
18․ Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին:
19․ Բերանդ չարութիւն էր տարածում, եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում:
20․ Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում:
21․ Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կը նմանուեմ քեզ: Արդ, պիտի յանդիմանեմ քեզ եւ այս ամէնը առջեւդ դնեմ»:
22․ Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն. գուցէ երբեւէ յափշտակուէք տարուէք, եւ ձեզ փրկող չգտնուի:
23․ Օրհնութեան պատարագն ինձ կը փառաւորի. եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծու փրկութիւնը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: