ՓՐԿՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԻՑ ՅԵՏՈՅ
1․ Այսուհետեւ անցած ժամանակների մասին ուսանելու համար.
2․ արձանագիր սաղմոս Դաւթի, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Յովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ:
3․ Աստուա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ:
4․ Ցնցեցիր երկիրն ու խռովութեան մատնեցիր այն, բուժի՛ր նրա ստացած հարուածները, քանզի նա սասանուեց:
5․ Քո ժողովրդին խստութիւն ցոյց տուիր եւ մեզ [հիմարության] գինի խմեցրիր:
6․ Երկիւղածներիդ նշան [տվեցիր], որ փրկութիւն գտնեն աղեղից:
7․ Ինչպէս որ քո սիրելիները փրկուեցին, այնպէս էլ քո աջով պահպանի՛ր եւ լսի՛ր մեզ:
8․ Աստուած խօսեց իր սրբարանից. «Ես պիտի ցնծամ ու բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը չափեմ:
9․ Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է:
10․ Յուդան թագաւորս է, Մովաբը՝ յոյսիս աւազանը: Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ, քանզի այլազգիներն ինձ հնազանդուեցին»:
11․ Ո՞վ ինձ կը [ուղղորդի] բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12․ եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ չելար, Աստուա՛ծ:
13․ Նեղութեան մէջ օգնութիւն ցո՛յց տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւն [ակնկալել] մարդուց:
14․ Աստուծով քաջութիւն կը գործենք, եւ նա կ՚արհամարհի մեզ նեղողներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: