Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 65

ՕՐՀՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՓՐԿԻՉ ԱՍՏԾՈՒՆ
   

1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. յարութեան մասին
2․ Աղաղակեցէ՛ք Աստծուն, բոլո՛ր երկրներ, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը եւ փա՛ռք տուէք նրա օրհնութեանը:
3․ Ասացէ՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը. [նույնիսկ տեսնելով քո մեծ զորությունը] քո թշնամիները ստեցին քո դէմ:
4․ Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անուանը սաղմոս ձօնի»:
5․ Եկէ՛ք եւ տեսէ՛ք գործերն Աստծու, թէ որքան ահեղ են խորհուրդներով՝ քան գործերը մարդկանց բոլոր որդիների:
6․ Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, եւ մարդիկ ոտքով անցան գետի միջով:
7․ Ահա պիտի ցնծանք նրանով, որ յաւէտ տիրում է իր զօրութեամբ: Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն. թող նրանք չպարծենան իրենց հոգում:
8․ Օրհնեցէ՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն եւ լսելի՛ դարձրէք նրա օրհնութեան ձայնը:
9․ Նա, [իմ հոգուն կյանք պարգևեց] եւ թոյլ չտուեց, որ ոտքերս դողան:
10․ Քննեցիր մեզ, Աստուա՛ծ, ու փորձեցիր, ինչպէս արծաթն է փորձւում:
11․ Մեզ որոգայթի մէջ գցեցիր, նեղութիւն դրիր մեր թիկունքին,
12․ եւ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով: Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տուիր:
13․ Զոհաբերութիւններով պիտի մտնեմ տունը քո եւ քեզ պիտի հատուցեմ իմ ուխտերը,
14․ որ խոստացան քեզ իմ շրթունքները, եւ բերանն իմ խօսեց նեղութեան մէջ:
15․ Պարարտ ողջակէզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով ու խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ:
16․ Եկէ՛ք ու լսեցէ՛ք ինձ, Աստծու բոլո՛ր երկիւղածներ, որ ձեզ պատմեմ, թէ ինչ արեց նա իմ անձի համար:
17․ Ես նրան դիմեցի իմ բերանով, եւ լեզուովս մեծարեցի նրան:
18․ Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի:
19․ Դրա համար Աստուած լսեց ինձ եւ [ունկնդրեց] իմ խնդրանքի ձայնին:
20․ Օրհնեալ է Աստուած, որ չվանեց աղօթքն իմ, ոչ էլ ողորմութիւնն իր՝ ինձնից: