Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 7

1. Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ
   
ԱՂՕԹՔ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
2. Տէ՛ր իմ Աստուած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ: 
3. Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի: 
4. Տէ՛ր իմ Աստուած, եթէ արել եմ այս բանը, եթէ իմ ձեռքով անօրէնութիւն եմ գործել, 
5. եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով: 
6. Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հաւասարեցնի:
7. Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին: Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, յանուն քո սահմանուած կարգի: 
8. Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կը հաւաքուեն, իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում 
9. (Տէրն է դատում իր ժողովրդին): Դատի՛ր ինձ, Տէ՛ր, իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ: 
10. Մեղաւորների վրայ չարիք կը գայ, իսկ արդարին յաջողութիւն կը տաս, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած: 
11. Յիրաւի, օգնողն Աստուած է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով: 
12. Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստուած, որն իր զայրոյթը չի թափում հանապազ: 
13. Սակայն եթէ չդառնաք դէպի Նա, սուրն իր սրած է եւ աղեղն իր՝ լարած: 
14. Նա պատրաստել է մահուան գործիքները, իսկ նետերն իր հրանիւթով է սարքել: 
15. Ահաւասիկ, ով որ անօրէնութիւն երկնեց, չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց, 
16. նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց:
17. Նրա գլխին կը թափուեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կ՚իջնեն իր անօրէնութիւնները: 
18. Գոհութիւն կը մատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար, սաղմոս կ՚երգեմ Բարձրեալ Տիրոջ համար: