Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 87

ԱՂՕԹՔ ՄԵՐՁԻՄԱՀ ՎԻՃԱԿՈՒՄ
   
1․ Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Եզրայելացին.
2․ Իմ փրկութեա՛ն Տէր Աստուած, գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի:
3․ Թող աղօթքս հասնի քե՛զ, Տէ՛ր, ականջդ թող մօտենայ խնդրանքիս,
4․ քանզի հոգիս չարչարանքով լցուեց, եւ կեանքս դժոխքին մերձեցաւ:
5․ Ես համարուեցի նրանցից, ովքեր մահուան փոսն են իջնում, եղայ անօգնական մի մարդ, լքուած՝ մեռեալների մէջ,
6․ գերեզմանում պառկած սպանուածների պէս, որոնց դու չես յիշում, եւ որոնք մերժուած են քեզնից:
7․ Ինձ խորախոր փոսի մէջ դրին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ:
8․ Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ, ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր:
9․ Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր, եւ նրանք ինձ նշաւակ դարձրին. ես մատնուած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս:
10․ Աչքերս տկարացան թշուառութիւնից, գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցի եւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ:
11․ Միթէ մեռելների՞ համար պիտի հրաշագործութիւններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնե՞ն նրանց, եւ նրանք գոհութի՞ւն պիտի մատուցեն քեզ:
12․ Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում, կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ:
13․ Քո հրաշալի գործերը միթէ խաւարի՞ մէջ պիտի ճանաչուեն, կամ քո արդարութիւնը՝ մոռացուած երկրում:
14․ Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի:
15․ Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին, կամ շրջում երեսդ ինձնից:
16․ Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր, բարձրութիւնից ընկայ ու շուարեցի:
17․ Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ, քո արհաւիրքները խռովեցրին ինձ:
18․ Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ, պաշարեցին ինձ բոլորը միասին:
19․ Իմ թշուառութեան պատճառով բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից: