Աստծու մարդու՝ Մովսէսի աղօթքը
1․ Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար:
2․ Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները եւ չէին ստեղծուել
երկիրն ու ողջ տիեզերքը, [Դու կաս] յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն:
3․ Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»:
4․ Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերուայ մի պահի պէս:
5․ Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն,
6․ առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն:
7․ Մենք մաշուեցինք քո բարկութիւնից, եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք:
8․ Մեր մեղքերը առջեւդ դրիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ:
9․ Մեր օրերը բոլորովին նուազեցին, եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից: Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման:
10․ Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ: Մեզ վրայ [իջաւ ամեն տեսակ նվաստացումներ], եւ մենք խրատուեցինք:
11․ Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը:
12․ Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը, եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը:
13․ Դարձի՛ր, Տէ՛ր: Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին:
14․ Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին:
15․ Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք:
16․ Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին:
17․ Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: