Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 2

ԱՍՏԾՈՒ ՕԾԱԾ ԹԱԳԱՒՈՐԸ
   
Անվերնագիր, եբրայերէնում այս երկուսը մի համարի տակ են
1․ Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին:
2․ Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա օծեալի՝ ասելով. 
3․ «Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզանից»:
4․ Երկնքում բնակուողը կը ծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կ՚արհամարհի նրանց:
5․ Այնժամ կը խօսի նրանց հետ իր բարկութեամբ, եւ իր զայրոյթով կը սարսափեցնի նրանց: 
6․ Ես թագաւոր կարգուեցի նրանից իր սուրբ լերան՝ Սիոնի վրայ, որ հռչակեմ Տիրոջ հրամանները: 
7․ Տէրն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ:
8․ Խնդրի՛ր ինձնից՝ եւ հեթանոսներին քեզ կը տամ որպէս ժառանգութիւն, ու իշխանութիւն 539 ՝ երկրի բոլոր ծագերում:
9․ Նրանց կը հովուես երկաթեայ գաւազանով եւ բրուտի անօթի պէս կը փշրես նրանց»: 
10․ Արդ, թագաւորնե՛ր, ո՛ւշ դարձրէք սրան, եւ խրատուեցէ՛ք ամէնքդ, որ մարդկանց էք դատում:
11․ Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով: 
12․ Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից, երբ նրա զայրոյթը բորբոքուած լինի:
13․ Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ»: