ԳՈՎՔ ՏԻՐՈՋ ՍՔԱՆՉԵԼԻ ԳՈՐԾԵՐԻ
Ալէլուիա
1. Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր, արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ:
2. Մեծ են գործերը Տիրոջ, եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում:
3. Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը, նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից:
4. Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները. ողորմած եւ գթասիրտ է Տէրը:
5. Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին, յաւիտեան յիշում իր ուխտը:
6. Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝ նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների:
7. Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի, նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի:
8. Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից, ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ:
9. Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին, յաւիտեանս պատգամեց իր ուխտը. սուրբ եւ ահեղ է նրա անունը:
10. Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: