Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 134

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
   
Ալէլուիա
1. Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ,
2. որ գտնւում էք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գաւիթներում:
3. Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է Տէրը. սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, քանզի քաղցր է նա:
4. Տէրն իր ընտրեալը դարձրեց Յակոբին, եւ Իսրայէլը՝ ժառանգութիւնն իր:
5. Ես հասկացայ, որ մեծ է Տէրը, եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից:
6. Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում:
7. Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրեւի վերածեց, եւ իր պահեստներից հողմեր դուրս բերեց:
8. Նա հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին, ինչպէս մարդկանց, այնպէս էլ անասուններին:
9. Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո Փարաւոնին եւ նրա ամբողջ զօրքին:
10. Նա հարուածեց բազում ազգերի, եւ սպանեց հզօր թագաւորների.
11. ամորհացիների թագաւոր Սեհոնին, Բասանի թագաւոր Օգին ու բոլոր թագաւորութիւնները Քանանի:
12. Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, որպէս ժառանգութիւն Իսրայէլի իր ժողովրդին:
13. Տէ՛ր, քո անունը յաւերժ է, Տէ՛ր, քո յիշատակը՝ սերնդից սերունդ:
14. Տէրը դատում է իր ժողովրդին, եւ մխիթարւում իր ծառաներով:
15. Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների:
16. Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում:
17. Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ:
18. Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ:
19. Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայէլի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի:
20. Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղեւիի. Տիրոջից երկի՛ւղ կրողներ, օրհնեցէ՛ք Տիրոջը:
21. Օրհնութի՜ւն Տիրոջը Սիոնից, Նրան, որ բնակւում է Երուսաղէմում: