ՆԵՐՈՒԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ
Դաւթի իմաստութիւնը
1. Երանի նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին:
2. Երանի այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ:
3. Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին՝ ամէն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց:
4. Քո ձեռքը ծանրացաւ ինձ վրայ. ես կրկին ընկայ թշուառութեան մէջ, քանզի փշերն ինձ ծակեցին:
5. Մեղքերս քեզ ցոյց կը տամ, եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից: Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կը տաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը:
Հանգիստ
6. Դրա համար բոլոր սրբերն յարմար ժամին աղօթքի կը կանգնեն քո առջեւ, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի:
7. Դու ես իմ յենարանն այն նեղութեան մէջ, որը շուրջս պատեց: Ո՜վ ցնծութիւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ:
8. «Քեզ կ՚իմաստնացնեմ ու խելամիտ կը դարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կը պահեմ»,
ասում է Տէրը:
9. Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների պէս, որոնք գիտակցութիւն չունեն. սանձով ու պախուրցով պէտք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմօտենան:
10. Շատ են մեղաւորների տանջանքները, բայց ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ,
Տիրոջ ողորմութիւնը կը պարուրի նրանց:
11. Ուրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցէ՛ք բոլորդ, որ ուղիղ էք սրտով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: