ԱՐՏԱՔՍՈՒԱԾ ՂԵՒՏԱՑՈՒ ՈՂԲԸ
1․ Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը
2․ Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած.
3․ հոգիս ծարաւ է քեզ, Աստուած հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծու առաջ:
4․ Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին. «Քո Աստուածն ո՞ւր է»:
5․ Դա յիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծու տան սքանչելի յարկի տակ, ցնծութեան ու օրհնութեան ձայնով եւ ձայնով բարեբանութեան:
6․ Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է:
7․ Հոգին իմ խիստ խռովուեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից:
8․ Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով: Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով:
9․ Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց. գիշերը՝ նոր օրհներգութիւն. ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար:
10․ Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»:
11․ Երբ ոսկորներս փշրուեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամէն օր ասելով. «Քո Աստուածն ո՞ւր է»:
12․ Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: