Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 62

ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆԸ ԿԵԱՆՔԻՑ ԷԼ ԹԱՆԿ Է
   
1․ Սաղմոս Դաւթի, մինչ նա գտնւում էր Հրէաստանի անապատում
2․ Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, ես առաւօտից քեզ եմ դիմում. հոգիս ծարաւ է քեզ, առաւել եւս մարմինն իմ,
3․ ինչպէս մի անապատ եւ անջուր երկիր, ուր ճամփայ չկայ: Այդպէս էլ [ես] պիտի երեւամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ եւ զօրութիւնդ,
4․ քանզի ինձ համար քո ողորմութիւնն աւելի լաւ է, քան կեանքս, եւ շրթունքներն իմ պիտի գովեն քեզ:
5․ Այսպէս իմ կեանքում քեզ պիտի օրհնեմ եւ քո անունով ձեռքս բարձրացնեմ:
6․ Ասես պարարտ ճարպով պիտի յագենայ իմ հոգին, եւ ցնծալից [աղոթքով իմ] շրթունքները քե՛զ պիտի օրհնեն:
7․ Քեզ յիշում էի իմ անկողնում, առաւօտեան կանուխ խօսում էի քեզ հետ:
8․ Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը, քո թեւերի հովանու տակ ես պիտի ցնծամ:
9․ Քեզ հետեւեց իմ հոգին, եւ աջդ ընդունեց ինձ:
10․ Նրանք, որ ինձ իզուր հետապնդեցին, թող երկրի անդունդների խորքը մտնեն:
11․ Թող սրի մատնուեն նրանք եւ աղուէսների բաժին դառնան:
12․ Թագաւորը յոյսը դրեց Տիրոջ վրայ. թող պարծենան բոլոր նրանք, որ երդւում են նրանով.
թող խցուեն բերանները նրանց, ովքեր անիրաւութիւն են խօսում: