Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 82

ԱՂՕԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   

1․ Ասափի օրհնութեան սաղմոսը
2․ Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման. մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ:
3․ Ահա թշնամիներդ աղաղակեցին, եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները:
4․ Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով.
5․ «Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»:
6․ Միաբանված՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դէմ
7․ եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները, մովաբացիներն ու հագարացիները,
8․ Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ:
9․ Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին:
10․ Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում:
11․ Նրանք կոտորուեցին Դորի ակունքներում եւ եղան ինչպէս գետնի աղբ:
12․ Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին,
13․ որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»:
14․ Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ`[պտտահողմի] և ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ,
15․ [նրանց արա՛ ինչպէս հուրն է այրում անտառը, ինչպէս բոցն է խանձում լեռները]:
16․ Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով, ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց:
17․ Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտռեն, Տէ՛ր:
18․ Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթահար թող կորստեան մատնուեն:
19․ Թող իմանան, որ քո անունը Տէր է, եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ: