Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 84

ԱՂՕԹՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին
2․ Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրը ու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից:
3․ Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը:
4․ Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից:
5․ Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից:
6․ Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի:
7․ Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով:
8․ Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ:
9․ Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի,
իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ:
10․ Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար,
որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի:
11․ Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն:
12․ Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց:
13․ Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ:
14․ Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին: