ՏԷՐԸ՝ ՅԱՂԹԱԿԱՆ
Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատուեց
1․ Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները:
2․ Ամպ եւ մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա:
3․ Նրա առջեւից հուր պիտի ընթանայ, այրելով իր շուրջն եղող թշնամիներին:
4․ Նրա կայծակները երեւացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց:
5․ Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից:
6․ Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա:
7․ Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին, եւ պարծենում իրենց արձաններով: Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն,
8․ քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիոնը. Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տէ՛ր:
9․ Դու Բարձրեալ ես ողջ երկրի վրայ, անչափ վեր եղար բոլոր կուռքերից:
10․ Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը. Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները,
մեղաւորների ձեռքից փրկում է նրանց:
11․ Արդարների համար լոյս ծագեց, եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ:
12․ Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: