ԱՂՕԹՔ ՎՏԱՆԳԻ ՊԱՀԻՆ
1․ Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի
2․ Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս:
3․ Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ:
4․ Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ: Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ:
5․ Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում:
6․ Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են:
7․ Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան,
8․ քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր: Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ:
9․ Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները:
10․ Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը:
11․ Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք:
12․ Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջ ից, Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին:
13․ Նա բարութեան մէջ պիտի հանգչի, եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի:
14․ Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում:
15․ Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղուած, եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից:
16․ Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ:
17․ Սրտիս նեղութիւնները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից:
18․ Տե՛ս իմ նուաստացումն ու տառապանքը եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին:
19․ Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին:
20․ Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրի քեզ վրայ:
21․ Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ:
22․ Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: