Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 15

Որթատունկի փայտի մասին
ԱՌԱԿ ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ
   
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, ինչի՞ կը ծառայի որթատունկի փայտը այն բոլոր ծառերի ու ճիւղերի մէջ, որ կան անտառում:
3. Միթէ նրանից մի փայտ կ՚առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ՚առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար:
4. Բայց քանի որ այն հրոյ ճարակ է դառնում, քանի որ տարէցտարի կրակը նրա արգատն սպառում է, եւ որթատունկն իսպառ վերանում է, - մի՞թէ այն որեւէ գործի համար պիտանի կը լինի:
5. Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ:
6. Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու:
7. Երեսս ուղղելու եմ նրանց դէմ: Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու: Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը:
8. Եւ երկիրը կործանման եմ ենթարկելու այն բանի համար, որ յանցանքներ գործեցին»», - ասում է Ամենակալ Տէրը: