Առակ արծիւների մասին
ԱՐԾԻՒԸ ԵՒ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, մի պատմութի՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայէլի այդ տան մասին եւ ասա՛.
3. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով, մագիլներով լեցուն: Մտածեց Լիբանան մտնել, ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց
4. ու քանանացիների երկիրը տարաւ, դրանք տնկեց պարսպապատ քաղաքում:
5. Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին, կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը:
6. Բուսաւ ու եղաւ վտիտ, տեսքով փոքր որթատունկ. վրան ոստեր երեւացին: Նրա արմատները տակն էին: Որթատունկը մեծացաւ, ողկոյզներ տուեց, իր շիւերն արձակեց:
7. Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ: Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց, արմատները սրա կողմը ձգուեցին, ճիւղերն էլ՝ սրա տակ: Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն:
8. Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝ ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար»:
9. Այս մասին ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է: Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, ու նրա ոստերը՝ չորանալու: Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու եւ ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար:
10. Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է: Չի՛ փարթամանալու: Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ, չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով»»:
ԱՌԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ
11. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
12. «Մարդո՛ւ որդի, ասա Իսրայէլի այդ տանը՝ դառնացնողների տանը. չգիտէ՞ք, թէ այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի: Երբ բաբելացիների թագաւորը Երուսաղէմ գայ, սրա թագաւորին ու իշխաններին պիտի վերցնի ու տանի նրանց իր մօտ՝ Բաբելոն:
13. Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ: Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ,
14. բոլորովին ոտքի չկանգնի, նրա ուխտը պահի ու հաւատարիմ մնայ դրան:
15. Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան: Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է: Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը: Փրկուելո՞ւ է:
16. Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է:
17. Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ: Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար,
18. որ անարգեց երդումը, դրժեց ուխտը: Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին: Մի՞թէ փրկուելու է:
19. Այս մասին ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, - ըստ իմ ուխտի, որ դրժել է, եւ ըստ իմ երդման, որ անարգել է, հատուցել եմ տալու նրան:
20. Նետելու եմ նրա վրայ ուռկանս, եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից: Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ:
21. Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու: Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել»»:
ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
22. «Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ, դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ
23. եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից: Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն, պտուղ է տալու, դառնալու է մի մեծ մայրի: Նրա տակ հանգստանալու, նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները: Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ:
24. Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան, որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը կամ բարձրացնում խոնարհուած ծառը, չորացնում եմ դալար ծառը կամ դալարեցնում չորացած ծառը: Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: