Մարգարէութիւն ամոնացիների դէմ
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ ամոնացիների դէմ, մարգարէացի՛ր նրանց մասին ու ասա՛ ամոնացիներին.
3. «Լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ չարախնդացիք պղծուած սրբարանիս, ապականուած Իսրայէլի երկրի, գերութեան գնացած Յուդայի տան վրայ, -
4. այդ պատճառով ահա ես ձեզ մատնում եմ Կեդէմի 883 զաւակների ձեռքը որպէս ժառանգութիւն: Իրենց մեղքերով բնակուելու են քո մէջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մէջ. նրանք ուտելու են քո միրգը, խմելու քո պարարտ հիւթը:
5. Ամոնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամոնացիներին՝ արածող հօտերին: Պիտի իմանաք, որ ես եմ Տէրը:
6. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգով ուրախացար Իսրայէլի երկրի վրայ, -
7. այդ պատճառով ահա ես ձեռքս գցելու եմ քեզ վրայ ու տալու եմ քեզ տարբեր ազգերի, որ քեզ յափշտակեն, ոչնչացնելու եմ քեզ ժողովուրդների միջից, կորստեան եմ մատնելու քեզ երկրների միջից: Ու պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը»»:
8. Մովաբի դէմ: «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ Մովաբն ու Սէիրն ասացին, թէ ահա ինչպէս որ ազգերն են, այնպէս էլ Իսրայէլի եւ Յուդայի տունն է, -
9. այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրաւանդակների կողմից, ընտրագոյն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբիւրից աւելի վերեւ է, ծովեզերքի մօտերքը:
10. Կեդէմի զաւակներին էլ, նրանց վրայ աւելացրած նաեւ ամոնացիներին, տուել եմ նրան որպէս ժառանգութիւն, որպէսզի ամոնացիների յիշատակն ազգերի մէջ չմնայ:
11. Մովաբն էլ եմ պատժելու: Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»»:
12. Եդոմի դէմ: «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ Եդոմը վրէժ լուծեց Յուդայի տնից, ոխակալ եղաւ ու վրէժ պահանջեց, -
13. այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեռքս գցելու եմ Եդոմի վրայ, ոչնչացնելու եմ դրա մէջ մարդ ու անասուն, անապատի եմ վերածելու այն, իսկ Թեմանից սկսած հալածեալները սրից են ընկնելու:
14. Եւ Եդոմը պատժելու եմ Իսրայէլի իմ ժողովրդի միջոցով. Եդոմի հետ վարուելու են իմ զայրոյթի ու սրտմտութեան համեմատ: Պիտի ճանաչեն իմ վրէժխնդրութիւնը»», - ասում է Ամենակալ Տէրը:
15. Փղշտացիների դէմ: «Այդ մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ այլազգիները ոխակալ եղան, վրէժխնդիր եղան սրտմտութեամբ, դաժանութեամբ սպանեցին նրանց իսպառ, -
16. այդ պատճառով էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես ձեռքս գցելու եմ այդ այլազգիների վրայ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստեան եմ մատնելու այդ ծովեզերաբնակներին
17. ու նրանց պատժելու եմ մեծամեծ կշտամբանքներով ու զայրոյթով: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը, երբ նրանց հանդէպ վրէժխնդիր լինեմ»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: