Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 34

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՀՈՎԻՒՆԵՐԻ ԴԷՄ
Իսրայէլի հովիւներին
   
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Իսրայէլի այդ հովիւների վրայ, մարգարէացի՛ր ու ասա՛ այդ հովիւներին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ո՛վ հովիւներդ Իսրայէլի, մի՞թէ հովիւներն իրենք իրենց են արածացնում. չէ՞ որ հովիւները հօտեր են արածացնում:
3. Ահա կաթը խմում էք, բուրդը հագնում, պարարտներին մորթում: Բայց իմ հօտերը չէք արածացնում.
4. տկարացածին չէք զօրացրել, հիւանդացածին չէք բժշկել, չարչարուածին չէք փայփայել, վիրաւորուածին չէք փաթաթել, մոլորուածին յետ չէք դարձրել, կորածին չէք փնտռել, դիմացկունին տանջել էք:
5. Իմ հօտերը ցրուել են, քանի որ հովիւներ չունէին, եւ անապատի գազաններին կեր են դարձել:
6. Ցրուել են ու մոլորուել իմ հօտերը բոլոր լեռներով մէկ, բոլոր բարձր բլուրներով մէկ. երկրի երեսով մէկ ցրուել են իմ հօտերը: Եւ ոչ ոք չի փնտռել, ոչ էլ մէկը յետ է դարձրել նրանց:
7. Ուստի, հովիւնե՛ր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները.
8. «Կենդանի եմ ես, - ասում է Ամենակալ Տէր Աստուած, - այն բանի համար, որ իմ հօտերը աւարի մատնուեցին, իմ հօտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետեւ հովիւներ չկային, հովիւներն իմ հօտերը չփնտռեցին, հովիւներն իրենք իրենց բտեցին-պարարտացրին եւ իմ հօտերը չարածացրին, -
9. դրա համար էլ լսեցէ՛ք, հովիւնե՛ր, Տիրոջ պատգամները:
10. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահաւասիկ ես այդ հովիւներին դէմ եմ ու հօտերս վերցնելու եմ դրանց ձեռքից, արգելելու եմ դրանց, որ արածացնեն հօտերս, եւ այլեւս դրանք չեն արածացնելու: Փրկելու եմ հօտերս դրանց ձեռքից. այլեւս նրանք կերակուր չեն լինելու դրանց համար»:
   
ՏԷՐԸ ՓՆՏՌՈՒՄ Է ԻՐ ՀՕՏԵՐԸ
   
11. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես ինքս եմ փնտռելու հօտերս, այցելելու եմ դրանց:
12. Ինչպէս որ հովիւն է իր հօտը փնտռում այն օրը, երբ մէգ ու մառախուղ է լինում իր ցրուած հօտերի վրայ, այնպէս էլ ես եմ փնտռելու հօտերս, հաւաքելու եմ դրանք այն բոլոր տեղերից, ուր ցրուած էին մէգ ու մառախուղի օրը:
13. Դրանք դուրս եմ բերելու ժողովուրդների միջից, դրանք հաւաքելու եմ երկրներից, դրանք տանելու եմ իրենց երկիրը,
14. դրանք արածացնելու եմ Իսրայէլի լեռների վրայ, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում: Բերկրալից արօտավայրերում եմ արածացնելու դրանք, Իսրայէլի բարձր լեռների վրայ: Այնտեղ էլ լինելու են դրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու եւ հանգստանալու բարութեան ու գրգանքի մէջ: Փարթամ արօտավայրերում են արածելու դրանք, Իսրայէլի լեռների վրայ:
15. Հօտերս ես եմ արածացնելու, ես եմ հանգիստ տալու դրանց, ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը”:
16. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Կորածին փնտռելու եմ, մոլորուածին՝ յետ դարձնելու, վիրաւորուածին՝ փաթաթելու, հիւծուածին՝ զօրացնելու. գէրին ու հզօրին՝ պահելու: Բոլորին արածացնելու եմ արդարութեամբ”:
   
ՏԷՐԸ ՊԻՏԻ ԴԱՏԻ ԻՐ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ
   
17. «Դուք էլ, ի՛մ հօտեր, - այսպէս է ասում ձեզ Տէր Աստուած, - ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ:
18. Մի՞թէ ձեզ բաւարար չէին առաջներում ձեր արածած գեղեցիկ արօտավայրերը, որ ձեզանից մնացած կերը ոտքի տակ տրորում էիք. զուլալ ջուրը խմում էիք ու մնացածը ոտքի տակ պղտորում:
19. Իսկ իմ հօտերը ձեր ոտնակոխ արածն էին ճարակում, ձեր կճղակներից պղտորած ջրերը խմում:
20. Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես դատ եմ անելու գէր եւ նիհար ոչխարների միջեւ
21. նրա համար, որ ձեր կողերով եւ ուսերով հարուածում էիք, ձեր եղջիւրներով պոզահարում ու չարչարում բոլոր թոյլերին, քշում էիք նրանց, մինչեւ որ հօտերս ցիրուցան եղան:
22. Ես փրկելու եմ հօտերս, ու այլեւս յափշտակութիւն չի լինելու:
23. Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց: Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը,
24. եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ: Սա ես՝ Տէրս խօսեցի:
25. Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից: Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում:
26. Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու:
27. Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը: Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են բնակուելու: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ խորտակեմ նրանց վզի լուծը: Փրկելու եմ նրանց իրենց ստրկացնողների ձեռքից,
28. ու այլեւս նրանք աւար չեն դառնալու ժողովուրդների մէջ, այլեւս երկրի գազանները նրանց չեն ուտելու: Ապրելու են ապահով: Ոչ ոք նրանց չի սարսափեցնելու:
29. Նրանց համար խաղաղութեան տունկ եմ բարձրացնելու, ու երկրի վրայ նրանք սովից չեն հիւծուելու այլեւս եւ ոչ էլ նախատինք են կրելու ժողովուրդներից:
30. Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէր Աստուածս, իրենց հետ եմ, եւ նրանք՝ իրենք էլ՝ Իսրայէլի տունը, իմ ժողովուրդն է, - ասում է Տէր Աստուածը: -
31. Դուք էլ, ի՛մ հօտեր, իմ արօտի՛ ոչխարներ, մարդիկ էք, ես էլ՝ ձեր Տէր Աստուած»», - ասում է Տէր Աստուած: