ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՍԷԻՐԻ ԴԷՄ
Եդոմայեցիների մասին
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ դէպի այդ Սէիր լեռը, մարգարէացի՛ր դրա վրայ ու ասա՛ դրան.
3. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, ո՛վ լեռդ Սէիր: Ձեռքս գցելու եմ քեզ վրայ, անապատի եմ վերածելու քեզ, աւերուելու ես դու,
4. քաղաքներդ էլ աւեր եմ դարձնելու: Դու աւերակ ես լինելու ու պիտի իմանաս, որ ես եմ Տէրը:
5. Այն բանի համար, որ յաւէտ թշնամի եղար ու դարանակալը, նստում էիր նենգութեամբ Իսրայէլի տանը թշնամիների սրի միջոցով, երբ նա նեղութեան մէջ էր, եւ երբ անիրաւութիւնը հասել էր իր վախճանին, -
6. ահա դրա համար էլ վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած. քանի որ դու արեամբ մեղանչեցիր, արիւնն էլ հալածելու է քեզ. այն արիւնը, որ դու ատեցիր, հէնց նոյն արիւնն էլ հալածելու է քեզ:
7. Աւերակի ու անապատի եմ վերածելու Սէիր լեռդ, դրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն:
8. Լեռներդ լցնելու եմ քո սպանուածներով, նաեւ բլուրներդ ու ձորերդ, եւ սրից սպանուածները ընկնելու են քո բոլոր դաշտերում:
9. Քեզ յաւիտենապէս աւերակ եմ դարձնելու, ու քո քաղաքներն այլեւս չեն վերաշինուելու: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը:
10. Այն բանի համար, որ ասել ես, թէ երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թէեւ Տէրն էլ այնտեղ էր), -
11. դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց: Եւ դու կը ճանաչես ինձ, երբ դատեմ քեզ:
12. Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը: Լսել եմ քո հայհոյանքի ձայնը, որ ասում էիր՝ «Իսրայէլի աւերակ լեռները մեզ կերակուր են տրուած»:
13. Քո բերանով մեծաբանել ես իմ հասցէին, վայրախօսել իմ մասին, եւ ես լսել եմ դրանք:
14. Այսպէս է ասում Տէր Աստուած. երբ արար աշխարհ ուրախութեան մէջ լինի՝ քեզ աւերակ եմ դարձնելու
15. այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգութիւնն Իսրայէլի տան, որ կործանուեց:
16. Նոյնն էլ քեզ եմ անելու, եւ դու աւերակ ես դառնալու, ո՛վ լեռդ Սէիր, ամբողջ Եդոմն էլ ոչնչանալու է: Պէտք է իմանաս, որ ես եմ նրանց Տէր Աստուածը»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: