ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵԴՈՄԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
Իսրայէլի լեռների մասին
1․ «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր լեռների վրայ եւ ասա՛ Իսրայէլի լեռներին.
2․ «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, յաւերժական աւերակները մեզ ժառանգութիւն եղան,
3․ դրա համար մարգարէացի՛ր ու ասա՛՝ այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնուող բոլոր ազգերի անարգանքին ենթարկուեցիք, տարագրուեցիք բազում ազգերի կողմից, ծաղրանքի առարկայ ու ազգերի նախատինք եղաք,
4․ դրա համար, ո՛վ Իսրայէլի լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները»: Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, կործանուած աւերակներին ու լքուած քաղաքներին, որոնք աւեր են դարձել ու ոտնակոխ եղել ձեր շուրջը գտնուող ժողովուրդների կողմից, - դրա համար այսպէս է ասում Տէր Աստուած.
5․ «Չեմ կարող իմ զայրոյթի հրով չխօսել այլազգիների մասին, նաեւ բոլոր եդոմայեցիների մասին, որովհետեւ երկիրս տարագրեցին, ոտնահարելով անարգեցին մարդկանց, աւերի ու աւարի մատնեցին նրանց:
6․ Ուստի մարգարէացի՛ր Իսրայէլի երկրի վրայ ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես իմ նախանձով ու բարկութեամբ խօսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք էք կրել»:
7․ Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնուող ժողովուրդների վրայ. եւ նրանք իրենք իսկ կը կրեն իրենց անարգանքը»:
8․ Բայց, ո՛վ լեռներ Իսրայէլի, ձեր խաղողն ու բերքը Իսրայէլի իմ ժողովուրդն է ուտելու, որովհետեւ վերադառնալու ակնկալութիւն ունի:
9․ Ահա ես նայելու եմ ձեզ. դուք մշակուելու եւ սերմանուելու էք:
10․ Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն, առհասարակ Իսրայէլի տունն ամբողջովին: Վերաբնակեցուելու են քաղաքները, վերաշինուելու՝ աւերակները:
11․ Բազմացնելու եմ ձեր մէջ մարդ ու անասուն. բազմանալու եւ աճելու են նրանք: Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպէս սկզբից կայիք. բարիք եմ անելու ձեզ, ինչպէս առաջ, ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը:
12․ Այնպէս պիտի անեմ, որ մարդիկ՝ Իսրայէլի իմ ժողովրդը, տիրեն ձեզ: Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր էք լինելու նրանց համար եւ այլեւս անզաւակ չէք մնալու նրանցից:
13․ Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ քեզ ասացի, թէ՝ դու մարդակեր երկիր ես ու քո ցեղից անզաւակ ես մնացել,
14․ դրա համար այլեւս մարդակեր չես լինելու եւ քո ցեղն այլեւս անզաւակ չես դարձնելու, - ասում է Տէր Աստուած:
15․ Եւ ձեր մէջ այլեւս ազգերից անարգուածներ չեն լինելու, ժողովուրդներից այլեւս նախատինք չէք կրելու, ձեր ցեղն էլ այլեւս անզաւակ չի մնալու»»», - ասում է Տէր Աստուած:
ՏԷՐԸ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԸ
16․ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
17․ «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի այդ տունը, որ բնակուել էր իր երկրում, իր ընթացքով, կուռքերով ու պղծութեամբ պղծել է այն. նրա ընթացքն իմ առաջն է եղել, ինչպէս դաշտանաւոր կնոջ պղծութիւնը:
18․ Բարկութիւնս թափեցի դրանց վրայ այն արեան համար, որ թափել էին երկրում, նաեւ՝ որովհետեւ իրենց կուռքերով պղծել էին այն:
19․ Նրանց ցրեցի ժողովուրդների մէջ, սփռեցի նրանց երկրից երկիր: Ըստ նրանց բռնած ճանապարհի ու մեղքերի էլ դատեցի նրանց:
20․ Նրանք մտան հեթանոսների մէջ. ո՛ւր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը՝ ասելով նրանց, թէ Տիրոջ ժողովուրդն են իրենք, բայց ելան նրա երկրից:
21․ Ես խնայեցի նրանց յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցին Իսրայէլի տան զաւակները այն ազգերի մէջ, ուր մտան իրենք:
22․ Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ո՛վ տունդ Իսրայէլի, ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բոլորը, այլ՝ յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցիք այն ազգերի մէջ, ուր մտաք դուք:
23․ Եւ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծուել է այդ ազգերի մէջ, իմ անունը, որ դուք պղծեցիք դրանց մէջ: Եւ այդ ազգերը պիտի իմանան, որ ես եմ Տէրը, - ասում է Ամենակալ Տէրը, - երբ սրբագործուեմ ձեր մէջ, դրանց աչքի առաջ:
24․ Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը:
25․ Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ:
26․ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ:
27․ Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք,
28․ բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած:
29․ Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից: Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու:
30․ Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք:
31․ Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի արարքներից:
32․ Ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բաները, - ասում է Տէր Աստուած, - այլ թող յայտնի լինի ձեզ. ամաչեցէ՛ք ու քաշուեցէ՛ք ձեր բռնած ճանապարհից, ո՛վ տունդ Իսրայէլի:
33․ Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններից, թէ՛ վերաշինուելու են աւերակները, թէ՛ վերաբնակեցնելու եմ քաղաքները,
34․ եւ մշակուելու է աւերուած հողը, մինչ այն կործանուած էր անցորդների առաջ:
35․ Եւ ասելու են. «Աւերուած երկիրը բերկրալից պարտէզ է դարձել, աւերակ, կործանուած ու քանդուած քաղաքները, ամրացած, բազմել են»:
36․ Եւ ձեր շուրջը մնացած ժողովուրդները մէկընդմիշտ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ վերաշինել եմ աւերուած տեղերը, վերահաստատել կործանուածները: Ես՝ Տէրս ասացի սա, եւ անելու եմ:
37․ Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ես դարձեալ այցի եմ գալու Իսրայէլի տանը՝ իրագործելու համար դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ ոչխարների հօտերի պէս:
38․ Եւ ինչպէս սուրբ ոչխարները, ինչպէս Երուսաղէմի ոչխարները՝ իրենց տօներին, այնպէս են լինելու աւերուած քաղաքները՝ հօտերով ու մարդկանցով լի: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: