ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՐԴԱՐ ԵՒ ՍՈՒՐԲ
Սաղմոս Դաւթի
1․ Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանուեց:
2․ Տէրը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր:
3․ Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը, քանզի ահաւոր ու սուրբ է նա:
4․ Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին. դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ 543:
5․ Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատուանդանին, քանզի Նա սուրբ է:
6․ Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա, Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր, ձայն էին տալիս Տիրոջն, ու նա լսում էր նրանց
7․ եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ: Նրանք պահպանում էին վկայութիւնը նրա եւ հրամանները, որ տուեց իրենց:
8․ Տէ՛ր Աստուած մեր, դու լսում էիր նրանց. Աստուա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար:
9․ Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա սուրբ լերանը, քանզի սուրբ է Տէր Աստուածը մեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: