ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՊԱՒԷՆ ԽԵՂՃԵՐԻ ԵՒ ՃՆՇՈՒԱԾՆԵՐԻ
1. Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի
2. Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր, կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ:
3. Կ՚ուրախանամ ու կը ցնծամ քեզնով, սաղմոս կ՚երգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ:
4. Թշնամիներս ետ դառնալով՝ կը թուլանան ու կը կորչեն քո առաջից:
5. Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ դատաւոր արդար:
6. Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ. նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից:
7. թշնամու զէնքը իսպառ վերացաւ. դու քաղաքներ աւերեցիր, եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով:
8. Բայց Աստուած մնում է յաւիտեան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար:
9. Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ, եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ:
10. Տէրն եղաւ տնանկի ապաւէնը եւ նեղութեան ժամանակ օգնականը:
11. Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր:
12. Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում. հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա:
13. Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս՝ Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց:
14. Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից:
15. Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները Սիոնի քաղաքի դռներին, եւ ցնծամ քո փրկագործութեամբ:
16. Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ, եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու:
17. Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղաւորները կը պատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի:
18. Մեղաւորները կրկին դժոխք կ՚ընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն:
19. Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին, եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի:
20. Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ, թող հեթանոսները դատուեն քո առջեւ:
21. Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր, եւ թող հեթանոսներն իմանան, թէ իրենք մարդիկ են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: