Ալէլուիա
ԳՈՎՔ ԱՍՏԾՈՒ ՕՐԷՆՔԻ
Ալէֆ
1․ Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով:
2․ Երանի նրանց, ովքեր հետեւում են նրա պատուիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտռում են նրան:
3․ Անօրէնութիւն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով:
4․ Դու հրամայեցիր, որ քո պատուիրանները խստօրէն պահեմ:
5․ Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե քո պատուիրանները պահեմ:
6․ Այն ժամանակ ես չէի ամաչում, երբ զգոյշ էի քո պատուիրանների հանդէպ:
7․ Ես գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները:
8․ Պահեցի ես քո օրէնքները, իսպառ մի՛ լքիր ինձ:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Բէթ
9․ Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթէ ոչ քո խօսքերը պահելով:
10․ Իմ ամբողջ սրտով քեզ փնտռեցի, մի՛ զրկիր ինձ քո պատուիրաններից:
11․ Քո խօսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դէմ:
12․ Օրհնեալ ես դու, Տէ՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո օրէնքները,
13․ որ շրթունքներով իմ պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները:
14․ Քո պատուիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախութիւնը, աւելի քան ամէն տեսակ հարստութեան մէջ:
15․ Քո պատուիրանների մասին խորհեցի, հետեւեցի քո ճանապարհներին:
16․ Քո օրէնքները կատարեցի եւ չմոռացայ խօսքերը քո:
ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՒՄ
Գամէլ
17․ Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խօսքերը քո:
18․ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրէնքի հրաշալիքները:
19․ Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատուիրաններդ մի՛ թաքցրու ինձնից:
20․ Ես փափագեցի ամէն ժամ ցանկանալ քո դատաստանները:
21․ Դու սաստեցիր ամբարտաւաններին. անիծեալ են նրանք, ովքեր խոտորուեցին քո պատուիրաններից:
22․ Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղայ քո վկայութիւններին:
23․ Թէեւ իշխանները նստած չարախօսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրէնքների մասին:
24․ Քո վկայութիւններն իմ խօսքերն էին, եւ քո արդարութիւնն՝ իմ խորհուրդը:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Դալէթ
25․ Հոգիս մերձեցաւ հողին. Տէ՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ:
26․ Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր. դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ:
27․ Ինձ ճանաչե՛լ տուր քո արդարութիւնների ճանապարհը, որ խորհեմ քո հրաշագործութիւնների մասին:
28․ Հոգիս անքուն մնաց ձանձրոյթից, ըստ քո խոստման՝ ամրապնդի՛ր ինձ:
29․ Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից, եւ քո օրէնքով ողորմի՛ր ինձ:
30․ Քո ճշմարտութեան ճանապարհն ընտրեցի, եւ քո օրէնքները ես չմոռացայ:
31․ Մերձեցայ քո պատուիրաններին. Տէ՛ր, մի՛ ամաչեցրու ինձ:
32․ Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին:
ԱՂՕԹՔ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՏԻՐՈՋ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ
Հէ
33․ Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան:
34․ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ քո օրէնքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն:
35․ Առաջնորդի՛ր ինձ քո պատուիրանների շաւիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ:
36․ Սիրտս հակի՛ր դէպի քո պատուիրանները, եւ ոչ թէ դէպի ագահութիւն:
37․ Շրջի՛ր աչքերս, որ ունայնութիւն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին:
38․ Քո ծառայի համար հաստատի՛ր քո խօսքը, որ քո երկիւղի մէջ մնամ:
39․ Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո:
40․ Ահա ցանկացայ քո պատուիրանները, քո արդարութեամբ պահպանի՛ր ինձ:
ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Վաւ
41․ Ողորմութիւնդ ինձ վրայ թող գայ, Տէ՛ր, եւ փրկութիւնդ՝ ըստ քո խոստման:
42․ Ես խօսքով պատասխան կը տամ ինձ նախատողներին, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ:
43․ Ճշմարտութեան խօսքը բնաւ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի յոյսս դրի քո դատաստանների վրայ:
44․ Քո օրէնքը պահեցի ամէն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:
45․ Ես ընթացայ անդորրութեան մէջ, քանզի քո պատուիրանները փնտռեցի:
46․ Թագաւորների առաջ խօսեցի քո պատուիրանների մասին ու չամաչեցի:
47․ Խորհեցի քո պատուիրանների մասին, որոնք սիրեցի:
48․ Ձեռքս պարզեցի դէպի պատուիրանները քո, որոնք սիրեցի, եւ խորհեցի քո արդարութեան մասին:
ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՒՄ
Զէ
49․ Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը:
50․ Դա է թշուառութեանս մէջ ինձ մխիթարողը, քանզի քո խօսքն ինձ պահպանեց:
51․ Ամբարտաւանները շատ անիրաւութիւն գործեցին իմ դէմ, բայց ես քո օրէնքից չխոտորուեցի:
52․ Քո յաւերժական օրէնքները յիշեցի, Տէ՛ր, ու մխիթարուեցի:
53․ Տրտմութիւն իջաւ ինձ վրայ մեղաւորների ու քո օրէնքը լքողների երեսից:
54․ Պատուիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում:
55․ Գիշերն յիշեցի քո անունը, Տէ՛ր, եւ քո օրէնքը պահեցի:
56․ Դա՛ եղաւ կեանքիս ուղին, քանզի քո արդարութիւնը փնտռեցի:
ՆՈՒԻՐՈՒՄ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Խէթ
57․ Բաժինս դո՛ւ ես, Տէ՛ր, ասացի որ օրէնքիդ պիտի հետեւեմ:
58․ Ամբողջ սրտովս աղօթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման:
59․ Իմ ճանապարհի մասին խորհեցի, եւ քայլերս դէպի քո պատուիրանները շրջեցի:
60․ Պատրաստուեցի եւ չվախեցայ պահել քո պատուիրանները:
61․ Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրէնքը ես չմոռացայ:
62․ Կէսգիշերին ելնում էի գոհութիւն մատուցելու քեզ քո արդար դատաստանների համար:
63․ Հաղորդակցւում էի քեզնից երկիւղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատուիրանները քո:
64․ Երկիրը լցուել է Տիրոջ ողորմութեամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարադատութիւնը քո:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ԱՐԺԷՔԸ
Թէթ
65․ Քաղցրութեամբ վարուեցիր ծառայիդ հետ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն:
66․ Քաղցրութիւն, խրատ եւ գիտութիւն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հաւատացի քո պատուիրաններին:
67․ Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի, դրա համար խստօրէն հետեւեցի քո խօսքերին:
68․ Քաղցր ես դու, Տէ՛ր, եւ քո քաղցրութեամբ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ:
69․ Ամբարտաւանների անիրաւութիւններն իմ դէմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատուիրանները քննեցի:
70․ Կաթի պէս թանձրացաւ սիրտը նրանց, բայց ես քո օրէնքներով խօսեցի:
71․ Լաւ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպէսզի քո արդարադատութիւնը սովորեմ:
72․ Քո բերանից ելած օրէնքն ինձ համար աւելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ
Եօդ
73․ Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատուիրանները քո:
74․ Քեզնից երկիւղ կրողները պիտի տեսնեն ինձ եւ ուրախանան, քանզի յոյսս դրի քո խօսքերի վրայ:
75․ Հասկացայ, Տէ՛ր, որ քո դատաստանն արդար է, եւ իրաւացիօրէն խոնարհ դարձրիր ինձ:
76․ Ողորմութիւնդ թող ինձ մխիթարութիւն լինի՝ ծառայիդ տրուած խօսքիդ համաձայն:
77․ Գթութիւններդ թող ինձ վրայ գան, որպէսզի փրկուեմ, քանզի քո օրէնքներն են իմ խօսքերը:
78․ Ամբարտաւանները պիտի ամաչեն, որ իզուր անիրաւութիւն գործեցին իմ դէմ, իսկ ես քո պատուիրանների մասին պիտի խորհեմ:
79․ Թող ինձ խրատեն քեզնից երկիւղ կրողները եւ քո վկայութիւնները ճանաչողները:
80․ Թող սիրտս անբիծ լինի քո արդարութեան մէջ, որպէսզի չամաչեմ:
ԱՂՕԹՔ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Քափ
81․ Հոգիս կարօտեց քո փրկութեանը, քանզի յոյսս դրի քո խօսքի վրայ:
82․ Աչքերս սպասեցին քո խօսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»:
83․ Եղայ ես ինչպէս տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարադատութիւնը չմոռացայ:
84․ Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների:
85․ Անօրէններն ինձ խորհուրդներ տուին, բայց ոչ քո օրէնքի համեմատ:
86․ Քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ:
87․ Մի փոքր եւս՝ եւ նրանք կորստեան կը մատնէին ինձ երկրի երեսին, բայց ես չլքեցի քո պատուիրանները:
88․ Քո ողորմութեամբ կեանք տուր ինձ, եւ ես կը պահպանեմ քո բերանի վկայութիւնները:
ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Լամէք
89․ Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է:
90․ Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը, դու հաստատեցիր երկիրը, որ կայ:
91․ Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են:
92․ Եթէ քո օրէնքն իմ խօսքը չլինէր, վաղուց ես կործանուած կը լինէի իմ թշուառութեան մէջ:
93․ Յաւիտեան չպիտի մոռանամ քո արդարութիւնները, քանզի դրանցո՛վ ինձ պահպանեցիր:
94․ Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարադատութիւնդ փնտռեցի:
95․ Մեղաւորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայութիւնները դրի:
96․ Ամէն կատարելութեան վախճանը տեսայ, քո պատուիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար:
ՍԷՐ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ՀԱՆԴԷՊ
Մէմ
97․ Որքա՜ն սիրեցի օրէնքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոհերն էին:
98․ Թշնամիներիցս աւելի խելացի դարձրիր ինձ քո պատուիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ:
99․ Բոլոր ուսուցիչներիցս աւելի իմաստուն եղայ, քանզի քո վկայութիւններն իմ խոհերն էին:
100․ Ծերունիներից աւելի իմաստուն դարձայ, քանզի քո պատուիրանները քննեցի:
101․ Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպէսզի պահեմ քո խօսքերը:
102․ Քո իրաւունքից չխոտորուեցի, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր:
103․ Որքա՜ն քաղցր են քո խօսքերն իմ քիմքին՝ աւելի քաղցր, քան մեղրն իմ բերանին:
104․ Քո պատուիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրէնսգէտ դարձրիր:
ԼՈՅՍ՝ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՑ
Նուն
105․ Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները:
106․ Երդուեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար դատաստանները:
107․ Սաստիկ թշուառ եղայ. Տէ՛ր, կեա՛նք տուր ինձ ըստ քո խոստման:
108․ Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տէ՛ր, եւ քո իրաւունքն ինձ սովորեցրո՛ւ:
109․ Հոգիս ամէն ժամ քո ձեռքում է, եւ ես քո օրէնքը չմոռացայ:
110․ Մեղաւորները որոգայթ լարեցին իմ դէմ, ես քո պատուիրաններից չխոտորուեցի:
111․ Յաւիտեան ժառանգեցի քո վկայութիւնները, քանզի նրանք իմ սրտի ցնծութիւնն են:
112․ Սիրտս առյաւէտ խոնարհեցրի, որ հատուցման համար քո օրէնքները կատարեմ:
ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔՈՒՄ
Սամքաթ
113․ Ատեցի անօրէններին, եւ քո օրէնքը սիրեցի:
114․ Օգնականն ու փրկիչն իմ դու ես, եւ ես յոյսս դրի քո խօսքի վրայ:
115․ Հեռացէ՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատուիրանները քննեմ:
116․ Օգնի՛ր ինձ ըստ քո խօսքի ու պահպանի՛ր ինձ, եւ իմ յոյսի մէջ ինձ մի՛ ամաչեցրու:
117․ Օգնի՛ր ու փրկի՛իր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ:
118․ Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարադատութեան դէմ, քանզի անիրաւ էին նրանց խորհուրդները:
119․ Յանցաւոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատուիրանները քո:
120․ Մարմինն իմ գամի՛ր քո երկիւղին, քանզի սաստիկ վախեցայ քո դատաստաններից:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Էյ
121․ Դատաստան եւ արդարութիւն գործեցի, ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը:
122․ Ծառայիդ բարութեա՛մբ ընդունիր, որ ամբարտաւանները չչարչարեն ինձ:
123․ Աչքերն իմ սպասեցին քո շնորհելիք փրկութեանը, Տէ՛ր, եւ քո արդարութեան խօսքին:
124․ Ծառայիդ հետ վարուի՛ր քո ողորմութեան համեմատ, քո արդարադատութիւնն ինձ սովորեցրո՛ւ:
125․ Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայութիւնները:
126․ Ժամն է, որ Տէրը վեր կենայ, քանզի խափանեցին քո օրէնքը:
127․ Յիրաւի, սիրեցի քո պատուիրանները ոսկուց ու տպազիոնից աւելի:
128․ Քո բոլոր պատուիրաններն ինձ յաջողութիւն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ ՀՆԱԶԱՆԴՈՒԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ
Փէ
129․ Սքանչելի են քո վկայութիւնները, դրա համար հոգիս սիրեց դրանք:
130․ Քո խօսքերի յայտնութիւնը լուսաւորում եւ իմաստնացնում է պարզամիտներին:
131․ Բերանս բացեցի ու շունչ առայ, հոգիս փափագեց պատուիրանները քո:
132․ Նայիր ի՛նձ եւ ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրաւունքի համեմատ:
133․ Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խօսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ:
134․ Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտութիւնից, եւ ես քո պատուիրանները կը պահեմ:
135․ Երեսդ ցո՛յց տուր քո ծառային, եւ քո արդարադատութիւնը սովորեցրո՛ւ ինձ:
136․ Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետեւեցին քո օրէնքներին:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ
Ծադէ
137․ Արդար ես դու, Տէ՛ր, եւ շիտակ են քո դատաստանները:
138․ Դու պատուիրեցիր քո վկայութիւնները, որոնք արդարեւ շատ ճշմարիտ են:
139․ Նախանձախնդրութիւնը քո հանդէպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խօսքերը քո:
140․ Խիստ ընտիր են խօսքերը քո, եւ քո ծառան սիրեց դրանք:
141․ Մանուկ եմ ես եւ արհամարհուած, բայց քո արդարութիւնը չմոռացայ:
142․ Քո արդարութիւնը յաւերժական արդարութիւն է, եւ քո օրէնքը՝ ճշմարիտ:
143․ Նեղութիւնն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատուիրաններն իմ խօսքերն եղան:
144․ Քո վկայութիւններն արդար են յաւիտեան, իմաստո՛ւն դարձրու եւ պահպանի՛ր ինձ:
ԱՂՕԹՔ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Կոփ
145․ Ամբողջ սրտովս քեզ ձայն տուի, լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քո արդարութիւնը փնտռեցի:
146․ Աղաղակեցի քո առջեւ՝ փրկի՛ր ինձ, եւ ես քո վկայութիւնները կը պահեմ:
147․ Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցի եւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ:
148․ Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ:
149․ Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ:
150․ Հալածիչներս անօրէնութիւնը մօտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրէնքից:
151․ Մօտ ես դու, Տէ՛ր, եւ քո բոլոր պատուիրանները ճշմարիտ են:
152․ Սկզբից եւեթ ճանաչեցի քո վկայութիւնները, որոնք դու յաւիտեա՛ն հաստատեցիր:
ՕԳՆՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ
Րէշ
153․ Տե՛ս իմ թշուառութիւնը եւ փրկի՛ր ինձ, քանզի քո օրէնքը ես չմոռացայ:
154․ Տե՛ս իմ դատաստանը եւ ազատի՛ր ինձ, ու քո խօսքի համաձայն պահպանի՛ր ինձ:
155․ Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին:
156․ Քո գթութիւնները շատ են, Տէ՛ր, եւ քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ:
157․ Բազմաթիւ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայութիւններից ես չխոտորուեցի:
158․ Մաշւում էի նայելով անողորմներին, քանզի քո պատուիրանները չպահեցին նրանք:
159․ Տե՛ս, թէ որքա՜ն սիրեցի քո պատուիրանները. Տէ՛ր, քո ողորմութեամբ կեա՛նք տուր ինձ:
160․ Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւնն է, յաւերժ են քո բոլոր արդար դատաստանները:
ԸՆԾԱՅՈՒՄ ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԻՆ
Շին
161․ Իշխաններն իզուր հալածեցին ինձ. սիրտս միայն քո խօսքերից սարսափեց:
162․ Ես ցնծացի քո խօսքերով ինչպէս մէկը, որ մեծ աւար է գտնում:
163․ Ատեցի ու արհամարհեցի մեղքը, եւ քո օրէնքը սիրեցի:
164․ Օրուայ մէջ եօթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո արդար դատաստանի համար:
165․ Քո օրէնքը սիրողները մեծ խաղաղութեան մէջ են, եւ նրանց համար չկայ գայթակղութիւն:
166․ Սպասեցի քո փրկութեանը, Տէ՛ր, եւ քո պատուիրանները սիրեցի:
167․ Հոգիս պահեց քո վկայութիւնները, եւ ես շատ սիրեցի դրանք:
168․ Հետեւեցի քո պատուիրաններին եւ վկայութիւններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջեւդ են:
ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
Թաւ
169․ Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն իմաստո՛ւն դարձրու ինձ:
170․ Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛ր ինձ:
171․ Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կը բխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը:
172․ Իմ լեզուն քո խօսքերը կ՚արտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են:
173․ Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի:
174․ Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան:
175․ Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի:
176․ Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: