Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 144

ՔՈ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ Է
   
Օրհնութիւն Դաւթի
1. ալեփ. Պիտի փառաբանեմ քեզ, Աստուած իմ եւ Թագաւոր իմ, ու յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից քո անունն օրհնեմ:
2. բեթ. Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ, ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո:
3. գամէլ. Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, եւ նրա մեծութիւնը սահման չունի:
4. դալեթ. Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո, եւ պիտի պատմեն զօրութիւնները քո:
5. հէ. Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն, եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն:
6. վաւ. Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն, եւ քո մեծութիւնը պատմեն:
7. զէ. Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն, եւ պիտի ցնծան քո արդարութեամբ
8. խէթ. Գթասիրտ եւ ողորմած է Տէրը, համբերատար եւ ողորմաշատ:
9. թէթ. Տէրը քաղցր է բոլորի հանդէպ, եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ:
10. եօդ. Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ:
11. քափ. Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն, եւ քո զօրութիւնները պիտի պատմեն,
12. լամէք. որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո, եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի:
13. մէմ. Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է, եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ:
նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում, եւ արդար է նա իր բոլոր գործերում:
14. սամքաթ. Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին, եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորուածներին:
15. էյ. Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին.
տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք:
16. փէ. Բացում ես ձեռքը քո, եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին:
17. ծադէ. Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին, եւ սուրբ է նա իր բոլոր գործերում:
18. կոփ. Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս:
19. րէշ. Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց:
20. շին. Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին:
21. թաւ. Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի. ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա
յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: